Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, երաժիշտ և փիլիսոփա։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Եկեղեցու ուսուցիչների շարքում։