Легенда о МЕДНОМ ВСАДНИКЕ.

Опубликовано: 12 Апрель 2026
на канале: Микаэл Шахназаров
2,250
339

Давид из Сасуна. Цикл расскажет о монументальных скульптурах.
Դավիթն է Սասունից՝ գունատ լուսնով լուսավորված։ Մեկնի՛ր ձեռքդ երկինք․․․
․․․․Նրա հետևից զրնգուն ընթացքով սլանում է պղնձե հեծյալը։ Մտովի Պուշկինի «Պղնձե հեծյալ»-ի տպավորություններն են, հիշում ես նաև Դոն Ժուանի արկածներն ու անփառունակ վախճանի պատմությունը , թե ինչպես է խեղճին կոմանդորի կենդանացած արձանը քարշ տալիս անդրաշխարհ, կարդալով Կրետեի պաշտպանի պամությունը՝ հիշում ես առանձնակի դաժանությամբ Արգոնավորդների վրա քարեր նետող բրոնզե հսկային, Նիլսի մասին հեքիաթն ես մտաբերում, որը ծաղրում էր Կառլ 11-ի արձանը, ինչի արդյունքում քարե կերպարը կենդանացավ ու սկսեց հետապնդել հանդուգն տղային։ Այո՛, այո՛, այն նույն Նիլսը, որը կախարդական սրինգի օգնությամբ քաղաքն ազատեց առնետներից․․․ Շա՜տ արդիական է հնչում․․․
Այդ բոլոր պղնձե և բրոնզե արձանները չէին կարող չտպավորել ու, Երևանում, առանձնահատուկ հետաքրքրությամբ նայելով իրական արձանին, հրաշքի սպասում ես ունենում․ պղնձի մեջ քարացած կերպարների ուժը ցնցում է երևակայությունդ։ Երվանդ Քոչարի արարումն է՝ Երևանում հեծյալի առաջին արձանը, ամենածանրը։ 3,5 տոննա քաշով հսկան նվիրված է հողը ճեղքող հասարակ տղային՝ Դավթին Սասունից։ 7-րդ դարում ձևավորված հայկական էպոսի հերոսի պատմությունը փոխանցվում է սերնդից սերունդ։ Արաբ զավթիչների դեմ հաղթական կռիվների տեսարաններն անմիջապես կենդանություն են առնում, երբ հայտնվում ես կայարանամերձ հրապարակում։
Իհարկե՛, Դավթի կերպարը հավաքական կերպար է, բայց էպոսի բազմաթիվ մեկնություններից ցանկացածը կարդացող ամեն տղա երեխա իրեն քաջ, Ծուռ Դավիթ է պատկերացնում։ Ասում են՝ Դավիթն իրական մարդ է եղել՝ միս ու արյունից, ժողովրդին ուժ և հավատ տվող քաջ տղա։ Այս արձանը հետաքրքիր ճակատագիր է ունեցել։ Սկզբում Քոչարն այն գիպսից է քանդակել։18 օր գիշեր-ցերեկ հենց այս հրապարակում աշխատել է հեղինակը, բայց, քանի որ դրանք 20-րդ դարի 30-ական թվականներն էին, հանճարեղ վարպետը, ինչպես բազմաթիվ մտավորականներ, չխուսափեց ռեպրեսիայից․ մատնության արդյունքում երկու տարի չորս ամսով ազատազրկվեց։ Քոչարին մեղադրում էին ազգայնականներին հարելու և հակաթուրքական տրամադրության մեջ․ մերկացած սրով հեծյալը նայում էր հարևան Թուրքիայի կողմը․․․ Արձանը ցուցադրաբար ոչնչացրին, բայց թե դրանով ո՞ւմ վատություն արեցին, հասկանալի չէ։ Ոչ բավարար ապացույցների պատճառով վարպետին արդարացրին։ Ոչնչացված արձանն էլ այլևս չէր նայում Թուրքիայի ուղղությամբ․․․ Ներքին թշնամիները խաղաղվեցին։ Չեք հավատա, բայց այդ ամենից հետո էլ իշխանությունները նորից դիմեցին Քոչարին (արդեն 1959 թվականն էր) նույն տեղում կանգնեցնելու Դավթի արձանը։ Քանդակագործը համաձայնեց, և ճարտարապետ Միքայել Մազմանյանի հետ ստեղծեցին այս գլուխգործոցը։ Ինչպես որ հաճախ է տեղի ունենում հանճարեղ գործերի դեպքում, Սասունցի Դավթի արձանի հետ կապված բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ կան։ ժողովրդական զրույցը տարածվում է կայարանամերձ հրապարակի անկյուններից դեպի կառամատույց, հետո էլ՝ էլեկտրական գնացքի ռելսերի ողջ երկարությամբ։ Ասում են, թե համառ վարպետը, արհամարհելով հետապնդումները, այնուամենայնիվ, ցուցադրել է իր վերաբերմունքը թշնամու հանդեպ, իհարկե՝ ոչ այդքան ակնհայտ, ինչպես առաջին արձանի դեպքում, բայց ավելի՛ կոպիտ․․․ Դավիթն այս դեպքում ոչ թե պարզապես սլանում է Թուրքիայի ուղղությամբ, ինչպես նախկինում էր, այլ իր հետ տանում է ձիու քամակում հավերժացած թշնամու քողարկած կերպարը։
Չենք կարծում, որ այդ մեծության վարպետը նման կերպ, այդքան պարզունակ արտահայտեր իր իրական վերաբերմունքը, ավելի շուտ սա հասարակ ժողովրդի՝ արդարության հաստատման անհագ ծարավի ցանկությունն է։
Նորից մանկության հուշերին վերադառնանք։ Լուի Բուսենարի ու Մայն Ռիդի պատմությունների տպավորության տակ ամենուր հնդկացիներ են երևում։ Հասկանալի չէ, ինչո՞ւ է Դավթի տաբատը հնդկացու տաբատ հիշեցնում, ինչի՞ համար էին այդ ծոպերը․․․ Էլի հայերը կասեն, թե հնդկացիներն օրինակ են վերցրել մեզանից ․․․ Իրականում ամեն ինչ ավելի պարզ է․Քոչարը ցուցադրել է այն ժամանակների զրահապաշտպան հագուստը, որի հատուկ գործվածքը չէր կարող խոցել թշնամու նետը (Դավթի շալվարը եզրակարված է «սուր չվերցնող» այծի մազի հյուսքերով. սասունցիները պատերազմելիս այդպիսի հագուստ էին կրում):
Էպոսի հերոսը պաշտպանողական-ազատագրական պայքար է մղում՝ ավարի ու հարստացման նպատակ չհետապնդելով։ Սա հայերին բնորոշող կարևոր գիծ է։ Ոչիչ չի՛ փոխվել․․․ Կարևոր մեկ հանգամանք ևս՝ չկա արաբների հանդեպ, որպես ժողովուրդ, ատելություն, կա ագահ Մսրա Մելիքի հետ կռիվ, որին իր ժողովրդին քշում էր հավանական մահվան։ Էպոսում չի նկատվում նաև դավանաբանական ենթատեքստ քրիստոնեության և մահմեդականության միջև, չկան հակառակորդին ստորացնող և վիրավորող դրվագներ․․․
«Սասունցի Դավիթ» էպոսը ազատության և արդարության պայքարի, սեփական տունն ու օջախը պաշտպանելու մասին է։ Օջախի գաղափարին դեռ կանդրադառնանք․ուսումնասիրել է պետք։ Եվ եթե լինեք Երևանում, արժե հասնել կայարանամերձ հրապարակ․ այս հիանալի արձանը տեսնել է պետք ։
Երկաթուղային կայարանի շենքը նախագծել է Էդմոնդ Տիգրանյանը՝ հայտնի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին։ Էդմոնդ Տիգրանյանը նաև ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախագծի հեղինակն է, բայց սրա մասին կխոսենք առանձին թողարկման ընթացքում։ Հաջողություն։ Կհանդիպե՛նք։
(Перевод- Майя Мардоян)