#ArtsakhisArmenia #KarabakhisArmenia
Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 3-րդ բանակային զորամիավորում:
Զորամիավորման շտաբում նախարարը ծանոթացել է սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությանը։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարական կազմի հետ, քննարկել զինված ուժերի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:
Սուրեն Պապիկյանը զորամիավորման տարածքում կառուցված հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։
Այցի ընթացքում պաշտպանության նախարարը եղել է զորամիավորման զորամասերում, ԶՈւ լեռնային ուսումնական կենտրոնում, ծանոթացել զորամասերի կենցաղային, զորանոցային, մարզական, մարտական պատրաստության պայմաններին, ծանոթացել ընթացող վերանորոգման աշխատանքներին: Սուրեն Պապիկյանը զորամասերի հրամանատարների և զինծառայողների հետ քննարկել է զինված ուժերի արդիականացմանը վերաբերող հարցեր և վստահեցրել, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու և բանակի մարտունակությունն ամրապնդելու ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, շրջել մասնաշենքերում, այնուհետև զրուցել սաների հետ: Նախարար Պապիկյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են լայնածավալ բարեփոխումներ՝ ռազմական կրթության որակն էականորեն բարձրացնելու նպատակով, և որ զուգահեռաբար պատրաստվում է նաև զինծառայողների բնակարանային ապահովման փաթեթ, որը կբարձրացնի սպայական ծառայության գրավչությունը:
* *
Մայիսի 20-ին, 3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային և զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով և ժամանակին կատարելու վերաբերյալ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, այնուհետև ուղևորվել հանրապետության հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
Դիրքապահների հետ զրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը միտված՝ պետության կողմից մշակվող սոցիալական, մասնավորապես՝ բնակարանային ապահովման ծրագրերը, ինչպես նաև արդեն ընթացքում գտնվող և առաջիկայում մեկնարկող բարեփոխումները, որոնք կոչված են էապես բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը։