Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում այսօր առավոտյան կրկին դասադուլ են հայտարարել աշակերտները՝ պահանջելով տնօրեն Աստղիկ Ավետիսյանի վերադարձը դպրոց: Աշակերտները դասարան չեն մտել այնքան ժամանակ, մինչև դպրոց են ներկայացել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուները: Վերջիններս փակ հանդիպում են ունեցել աշակերտների հետ և հստակեցրել այն պահանջների ցանկը, որոնց պատասխաններն աշակերտներն ակնկալում են ստանալ կրթության և գիտության նախարարությունից: Թե որոնք են այդ պահանջները, կողմերը պայմանավորվել են առայժմ չհրապարակել: Ինչ վերաբերում է տնօրենի հրաժարականի դիմումին, ապա ըստ Հրայր Կարապետյանի, այն դեռևս նախարարության կողմից մակագրված չէ: