Words by Vahan Teryan, Music and Vocal by Paruyr Hayrikyan
Բառեր Վահան Տերեանի, երաժշտություն եւ կատարում է Պարոյր Հայրիկեանի
Վահան Տէրեան -- "Մի խառնէք մեզ..."
Մի՛ խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին
Մի՛ խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը աւէրուած, բայց սուրբ է եւ հին։
Որպէս լեռն է մեր պայծառ տեսել հազար ձիւն,
Այնպէս նոր չեն մեզ համար դաւ ու դառնութիւն։
Բաբելոնն է եղել մեր ախոյեանը՝ տե՛ս -
Անհետ կորել, անցել է -- չար մշուշի պէս։
Ասորիքն է եղել մեր թշնամին -- ահա՛
Դաշտ է տեղը և չըկայ քար քարի վրայ։
Ամրակուռ է մեր հոգին -- դարերի զաւակ՝
Շատ է տեսել մեր սիրտը աւէր ու կրակ։
Շատ է տեսել երկիրն իմ ցաւ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամէն երգ եւ ողբ՝ ամէն գիրք։
Գերուած ենք մենք, ո՛չ ստրուկ -- գերուած մի արծիւ,
Չարութեան դէմ վեհսիրտ միշտ, վատի դէմ ազնիւ։
Բարբարոսներ շատ կը գան ու կ'անցնեն անհետ,
Արքայական խօսքը մեր կը մնայ յաւէտ։
Չի հասկանայ ձեր հոգին եւ ծոյլ, եւ օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամէն քար։
Եգիպտական բուրգերը փոշի կը դառնան,
Արեւի պէս, երկի՛ր իմ, կը վառուես վառման։
Որպէս փիւնիկ կրակից կ'ելնես, կ'ելնես նոր
Գեղեցկութեամբ ու փառքով վառ ու լուսաւոր։
Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հաւատով տոկուն,
կանգնիր հպարտ որպէս լոյս լեռն է մեր կանգուն։