Միակ Քաղաք - Ռադիկ Գաբրիելյան / Հեղինակ՝ Մարինե Ալես

Опубликовано: 30 Август 2026
на канале: Anna N.
22,115
296

Միակ Քաղաք - Ռադիկ Գաբրիելյան
Հեղինակ՝ Մարինե Ալես

Ամեն սերունդ ունի միակ լուսե քաղաք,
Ուր կյանքը տոն է՝ միշտ քեզ հետ, հոգիդ՝ ուրախ,
Ուր մանկության հիշատակի մոլորակում
Միայն սիրո, հույսի գետերն են աղմկում։

Ես քո զավակն եմ, ի՛մ քաղաք, իմ Երևա՜ն,
Թափառական հոգու փարոս ու պահապան -
Արևահամ անձրևների ոտաբոբիկ զբոսանքներով
Երևանի բարի լույսով․․․

Ես ոչ հերոս եմ, ոչ գերի, պանդուխտ անցորդ երկու դարի,
Աստված, կարող ես՝ դու ների՜ր հոգուս կարոտը վիթխարի,
Տեսա և՛ չարը, և՛ բարին թե՛ ընկերոջ, թե՛ օտարի,
Հասա ափին իմ վշտերի մոլորության ճանապարհին։

Իմ Երևան, հոգիդ ճեղքող մեր գաղթերով,
Որդիներիդ սխրանքներով ու մեղքերով,
Ժամանակի ու պատմության նոր խաղերով,
Ազատության նոր կարգերով, նոր բարքերով...

Ես քո մասնիկն եմ, ի՛մ քաղաք, իմ Երևա՜ն,
Կիսված բախտի միակ փարոս ու պահապան -
Հին բակերի նոր դեմքերով, նոր սերնդի հին վերքերով,
Հին ընկերոջ հին կարոտով․․․

Ես ոչ հերոս եմ, ոչ գերի, պանդուխտ անցորդ երկու դարի,
Աստվա՛ծ, կարող ես՝ ինձ ների՜ր հոգուս կարոտը վիթխարի,
Տեսա և՛ չարը, և՛ բարին թե՛ ընկերոջ, թե՛ օտարի,
Հասա ափին իմ վշտերի մեծ հոգսերի ճանապարհին։

Կա սկիզբ ու վերջ, կա ժամանակ ու մի պատրանք,
Ուր հիշատակը երջանիկ է և անվախ,
Այդ թևավոր անկեղծության տիեզերքում
Մեզ միշտ սպասում են, հավատում են ու ներում․․․

Ես քեզ սիրում եմ, ի՛մ հրաշք, իմ Երևա՜ն,
Իմ որբ հոգու միակ փարոս ու պահապան -
Քո վարդագույն տանիքներով, հին օրերի նոր երգերով,
Երևանյան գիշերներով․․․

Ես ոչ հերոս եմ, ոչ գերի, պանդուխտ անցորդ երկու դարի,
Աստվա՛ծ, կարող ես՝ ինձ ների՜ր հոգուս կարոտը վիթխարի,
Տեսա և՛ չարը, և՛ բարին թե՛ ընկերոջ, թե՛ օտարի,
Հասա ափին իմ վշտերի իմաստության ճանապարհին։

Աստվա՛ծ, կարող ես՝ ինձ ների՜ր․․․