Պատարագիչ` Հոգեշնորհ Տ . Ռուբեն վարդապետ Զարգարյան։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան։
Սուրբ Գայանե եկեղեցի։
Տօն Ծննդեան սրբուհւոյ Կուսին Մարիամու յԱննայէ
Ս. ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
Հավատո հանգանակում Աստծո Որդու մարդացման հանդեպ մեր հավատը խոստովանելիս ասում ենք. «Ծնվեց կատարելապես սուրբ Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգով»: Եկեղեցին սրբուհի Կույս Մարիամին Աստվածամայր է անվանում, որովհետև նա հղիացավ Սուրբ Հոգուց, և նրանից ծնվեց Ինքն Աստված՝ Հոր միածին և փառակից Որդին՝ միավորված մարդկային բնությանը:
Եկեղեցու պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլև հրեշտակներից էլ բարձր է դասվում: Նրան են նվիրված բազմաթիվ ներբողներ ու շարականներ, նրա բարեխոսությունը հայցելով է սկսվում պատարագի արարողությունը, և բազում աղոթքներ անմիջականորեն ուղղված են նրան՝ որպես Աստվածորդուն ամենամերձ և իր գթառատությամբ մեզ ամենից շուտ անսացող սուրբ անձնավորության: Աստվածամայրը զերծ էր թե՛ մահացու, թե՛ ներելի մեղքերից, իսկ ադամական մեղքից սրբվեց ավետման պահին:
Մարիամը ծագումով Դավիթ մարգարեի թագավորական ցեղից էր: Մանուկ հասակից իր բարեպաշտ ծնողների՝ Հովակիմի և Աննայի կողմից նա ընծայվեց Աստծուն և հանձնվեց Երուսաղեմի Տաճար՝ հոգևոր կրթություն ստանալու և տաճարում ծառայելու համար: Այստեղ Մարիամը զբաղվում էր ձեռագործով, Սուրբ Գրքի ընթերցանությամբ և աղոթքով: Նա աչքի էր ընկնում իր բարեպաշտությամբ, մեծագույն խոնարհությամբ ու հեզությամբ:
Մարիամն իրեն ամբողջովին հանձնել էր Տիրոջ կամքին: 14 տարեկանում, երբ ծնողներն արդեն չկային, նրան նշանեցին Հովսեփի՝ մի ծեր և բարեպաշտ մարդու հետ, որը փաստորեն դարձավ Մարիամի խնամակալը:
Հովսեփը նույնպես սերում էր Դավթի ցեղից: Նրանք բնակվում էին Նազարեթ փոքրիկ քաղաքում: Այստեղ էլ Կույս Մարիամին այցելեց Գաբրիել հրեշտակը՝ նրան բերելով մեծագույն ավետիսը [տե՛ս Ղուկ. 1.26-28], որով էլ սկսվում է մարդկության փրկագործությունը: Այդ պահից Աստվածամայրն իր մեջ ընդունեց Աստծո Միածին Որդուն՝ դառնալով մարդկային ապականված, շնորհազուրկ բնության նորոգության սկիզբը: Աստվածամայրը ողջ կյանքում լի էր բոլոր առաքինություններով: Նա ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ սրտով սիրում էր Տեր Աստծուն: Իր բացառիկ մեծությունը գիտակցելով հանդերձ՝ նա երբեք չկորցրեց խոնարհությունը և մինչև իր վերափոխումը մնաց Աստծո հնազանդ աղախինը: Սիրելով Աստծուն և իր ծոցում մարդացած Աստվածորդուն՝ նա վառվում էր ողջ մարդկության հանդեպ մեծ սիրով, անդադար աղոթում էր և տառապում աշխարհի համար: Այդ սիրո շնորհիվ նա բարեհոգաբար տարավ իր սրտով անցնող սուրը [տե՛ս Ղուկ. 2.35]՝ Որդու չարչարանքները սգալով առանց ցասման ու նզովքի, սրտում չկորցնելով պայծառ հավատը Նրա հարության և փրկագործության հանդեպ: Տիրոջ խաչելությունից հետո, Նրա իսկ հանձնարարությամբ [տե՛ս Հովհ. 19.26-27], ս. Մարիամը բնակվում էր ս. Հովհաննես առաքյալի մոտ և մշտապես ներկա էր լինում առաքյալների հավաքույթներին: Տիրամայրը նրանց հետ էր թե՛ Քրիստոսի համբարձման, թե՛ հոգեգալստի ժամանակ: Սրբուհու մերձավորությունը առաքյալների հետ այնքան սերտ էր ու հոգևոր, որ վերափոխման օրը նրանք աստվածային հրաշքով հայտնվեցին նրա մոտ՝ իբրև հարազատ մոր:
Աստվածամայրը, հիրավի, ամենամեծ բարեխոսն է համայն աշխարհի համար իր Որդու առջև: Նրա անունն անբաժան է Քրիստոսից Եկեղեցու պաշտամունքում և ճշմարիտ քրիստոնյաների սրտերում: Նրա անվան հետ բազում հրաշքներ և հայտնություններ են կապված, որոնց շնորհիվ մարդիկ ետ են կանգնել կորստյան ճանապարհից:
Հայ Եկեղեցում Աստվածամոր հիշատակին սահմանված է 7 տոն:
Տիգրան Խաչատրյան
ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏՈՆԵՐ
Աստվածամոր տոների մեջ ժամանակագրական կարգով առաջինն է Սուրբ Կույսի հղացումը Աննայից (դեկտեմբերի 9), ապա՝ նրա ծնունդը (սեպտեմբերի 8) և երեքամյա Ընծայումը Տաճարին (նոյեմբերի 21): Ավետումը, որը տոմարական նկատառումներով առանձնացվել է Աստվածահայտնության տոնախմբական շրջանից, ներկայումս Հայ Եկեղեցում հիշատակվում է ապրիլի 7-ին, իսկ Վերափոխումը՝ օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը՝ իրեն հաջորդող 8 տոնական օրերի հետ կազմելով իննօրյա տոնախմբական շրջան: Աստվածամորն են նվիրված նաև նրա գոտու և տուփի հայտնաբերման հիշատակները, որոնցից առաջինը տոնվում է Վերափոխման իննօրյակին հաջորդող 1-ին, իսկ երկրորդը՝ Հոգեգալստին հաջորդող 5-րդ կիրակի օրը:
Խորեն Պալյան
#հայրռուբեն #սուրբգայանե #տերողորմյա #ամենհայրսուրբ