Պատարագիչ` Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան։
Մայր Աթոռի քրիստոնեական դաստիրակության կենտրոնի տնօրեն։
Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Յոբայ արդարոյն
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ
Ս. Աստվածածնին իր երկնային ավետիսը բերելուց 6 ամիս առաջ Գաբրիել հրեշտակապետը այցելեց Երուսաղեմի Տաճարում ծառայող բարեպաշտ Զաքարիա քահանային: Նա հայտնեց, որ վերջինս Հովհաննես անունով մի որդի է ունենալու, որը լինելու է Փրկչի նախակարապետը:
Սակայն քահանան կասկածեց այս խոսքերին, քանի որ ինքը և իր կինը խիստ ծեր էին: Այդ կասկածի համար նա պատժվեց և մինչև ասվածի իրականանալը չէր կարողանում խոսել:
Երբ խոստման համաձայն մանուկը ծնվեց, և ութերորդ օրը նրան տարան թլփատության, Զաքարիայի համրությունը հրաշքով վերացավ: Նա սկսեց խոսել և փառաբանելով Աստծուն՝ մարգարեացավ, որ շուտով աշխարհ կգա Մեսիան, որ մանուկ Հովհաննեսը կլինի Նրա նախակարապետը և ժողովրդին կնախապատրաստի ընդունելու աշխարհի Փրկչին:
Այս հրաշալի իրադարձության լուրը շուտով տարածվեց ողջ Հրեաստանով, և բոլորն ակնածանքով խորհում էին մանկան ապագա գործերի մասին:
Հովհաննեսը վաղ զրկվեց ծնողներից և հեռացավ անապատ, ուր ապրում էր քարանձավում խստագույն ճգնությունների մեջ: Նա կրում էր ուղտի մազից զգեստ, գոտի էր կապում և սնվում վայրի մեղրով ու մարախով:
Երբ լրացավ Հովհաննեսի 30 տարին, Աստծո հրամանով նա եկավ դեպի Հորդանան գետը և սկսեց քարոզել ժողովրդին: «Ապաշխարեցե՛ք,- ասում էր նա,- որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» [Մատթ. 3.2]: Նա հանդիմանում էր անօրեններին՝ ասելով, որ եթե նրանք չապաշխարեն և բարի պտուղ չտան, շուտով կկործանվեն, քանզի մոտ է հատուցման ժամը: Շատերը, լսելով նրա քարոզը, ապաշխարում էին, և Հովհաննեսը, ի նշան մաքրության, նրանց մկրտում էր Հորդանանում: Այդ ժամանակ մկրտության եկողների մեջ հայտնվեց Հիսուսը և բոլորի պես Ինքն էլ մկրտվեց Հովհաննեսի կողմից:
Սուրբ Հովհաննեսը մինչև վերջ կատարեց իր գործը՝ նախապատրաստելով Տիրոջ ճանապարհը, ճանաչելով և ընդունելով Նրան: Վկայելով Փրկչի մասին՝ նա ցնծում էր ուրախությունից և մարգարեանում իր մոտալուտ մահվան մասին:
Հովհաննես Մկրտիչը գլխատվեց Գալիլիայի չորրորդապետ Հերովդեսի կողմից, որին հանդիմանել էր անօրինական ամուսնության համար:
Նա Քրիստոսին նախորդած և Նրա գալուստը վկայող ամենամեծ մարգարեն էր: Նրա մասին Ինքը Տերն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» [Մատթ. 11.11]:
ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ
Դեռևս Մովսես մարգարեից առաջ ապրում էր մի շատ բարեպաշտ մարդ՝ Հոբ անունով: Նա շատ հարուստ էր, սակայն հարստությունից նրա սիրտը երբեք չէր խստանում: Նա միշտ արդար էր ու ողորմած, օգնում էր ամենքին թե՛ նյութապես, թե՛ իմաստուն խորհուրդներով, ուստի և բոլորը սիրում և օրհնում էին նրան: Հոբն ուներ 7 տղա և 3 աղջիկ: Նրանք ապրում էին համերաշխ ու երջանիկ, ինչի համար հայրը երբեք չէր մոռանում փառաբանել Աստծուն:
Եվ սատանան, որ լցված է մարդկանց հանդեպ ատելությամբ, խիստ նախանձելով Հոբին, որոշեց փորձության ենթարկել նրան: Նա Հոբին նախանձեց ոչ թե նրա հարստության ու բարեկեցության համար, այլ՝ որովհետև այդ ամենի մեջ Հոբը ոչ միայն չէր մոռանում Աստծուն, այլև ավելի էր փառաբանում ու օրհնում Նրան և շատ սիրելի էր Բարձրյալի աչքում:
Եվ ահա մի օր ավազակները կողոպտեցին նրա ողջ ունեցվածքը, իսկ բոլոր զավակները զոհվեցին դժբախտ պատահարից: Այսպես Հոբը, որ բոլորից հարուստ էր ու երջանիկ, մեկ օրվա մեջ դարձավ ամենաաղքատ ու դժբախտ մարդը:
Սատանան ցնծում էր՝ կարծելով, թե հասավ իր նպատակին՝ որ Հոբն այլևս չի փառաբանի Աստծուն, կհեռանա Նրանից ու կկորցնի Նրա սերը իր հանդեպ: Սակայն Հոբը նույնիսկ չտրտնջաց և մեծ խոնարհությամբ ու հեզությամբ ասաց. «Տերը տվեց, Տերն էլ ետ առավ: .... Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը» [Հոբ. 1.21]:
Այդժամ սատանան նոր փորձություն բերեց. Հոբը հիվանդացավ սոսկալի վարակիչ հիվանդությամբ՝ բորոտությամբ: Նա ստիպված էր հեռանալ քաղաքից և ապրել աղբակույտի վրա՝ մեն-մենակ և բոլորից լքված: Աստված հանդուրժում էր այդ դժբախտությունները, որպեսզի փորձությունների մեջ երևա Հոբի արդարությունը: Մինչդեռ նրա ընկերները, կարծելով, թե Հոբը պատժվում է իր մեղքերի համար, փորձում էին զգուշորեն հանդիմանել նրան: Իսկ Հոբը խորագույն վշտի մեջ աղոթում էր Տիրոջը, որպեսզի Նա բաց անի մարդկանց աչքերը և ցույց տա, որ իրեն անարդար են վերաբերվում, քանզի ինքն իսկապես լի էր ամենայն առաքինությամբ և զերծ այն թերություններից, որոնց պատճառով, ինչպես ենթադրում էին ընկերները, Աստված պատուհասել է իրեն: Բայց ոչ ոք չի կարող արդարացնել իր անձը, եթե միևնույն ժամանակ չմեղադրի Արարչին: Աստված կամենում էր, որ Հոբը իջնի խոնարհության հատակը և ոչինչ համարի իր բարեպաշտությունը: Եվ ահա, երբ սպառվեցին Հոբի ընկերների բոլոր դատողությունները, Տերը անձամբ խոսեց Հոբի հետ փոթորկի ու ամպի միջից՝ հայտնելով Իր անսահման սրբությունն ու կատարելությունը: Եվ Հոբը բացականչեց. «Սրանից առաջ ես ականջներովս էի լոկ լսել, բայց հիմա աչքերս էլ տեսան հենց Քեզ: Այդ պատճառով նվաստ համարեցի ինձ ու հալվեցի ես: Ինքս ինձ հող ու մոխիր եմ դիտում» [Հոբ. 42.5-6]:
Այդժամ Աստված, Հոբի անսահման խոնարհությունը և համբերությունը տեսնելով, անձամբ հայտնվեց նրան և ոչ միայն վերադարձրեց նրա առողջությունը, այլև երկար կյանք շնորհեց, օգնեց ձեռք բերել նախկինից էլ մեծ հարստություն և պարգևեց նոր, սքանչելի զավակներ:
#հայրզաքարիա #սուրբշողակաթ #էջմիածին #քարոզ #խրատ #հոբ #սուրբհովհաննես