Պատարագիչ՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան։
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ։
Տօն Շողակաթի Սուրբ Էջմիածնի ըստ տեսլեան սրբոյն Գրիգորի ԼուսաւորչինԱյս տոնը կատարվում է Վերափոխմանը նախորդող շաբաթ օրը: Հիշատակն է ս. Գրիգոր Լուսավորչի կողմից կառուցված Մայր տաճարի, որը սկզբում նվիրված էր Աստվածամորը:
Տոնի Շողակաթ անունը ծագում է Լուսավորչի տեսիլքում երևացած շողի կաթումից, ինչպես որ Ս. Էջմիածնի տոնի անվանումն էլ կապվում է Միածնի իջման պատկերի հետ: Հետագայում Էջմիածին անունը ամրագրվեց Մայր տաճարին, իսկ Շողակաթ կոչեցին Լուսավորչի հիմնած մյուս 3 տաճարներից մեկը, որը շինված է այն վայրում, ուր գտնվում էր սուրբը այդ տեսիլքը տեսնելու պահին:
ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐ
Եկեղեցու տոներ են կոչվում Եկեղեցու իմաստը և էությունը փառաբանելու համար սահմանված հիշատակները: Ինչպես որ «եկեղեցի» բառը երկու իմաստ ունի, այնպես էլ նրան նվիրված տոները երկու բնույթի են` վերաբերելով Եկեղեցի-ժողովրդին և եկեղեցի-տաճարին: Դրանք են Զատիկին անմիջապես հաջորդող երկու կիրակիները. Նոր կիրակին՝ նվիրված նոր, քրիստոնեական Եկեղեցու ստեղծմանը, և Աշխարհամատրան կիրակին՝ նվիրված առաջին եկեղեցի-մատուռին՝ Երուսաղեմի վերնատանը: Եկեղեցու տոներից են նաև Ս. Էջմիածնի և Շողակաթի տոները. առաջինը սահմանված է Հայաստանում քրիստոնեության հաստատման և Հայ Եկեղեցու հիմնադրման պատվին, իսկ երկրորդը նվիրված է ս. Գրիգոր Լուսավորչի կողմից Ս. Էջմիածնի տաճարի կառուցման հիշատակին:
Եկեղեցուն է նվիրված Տապանակի տոնը (կատարվում է Պայծառակերպության կիրակիին նախորդող շաբաթ օրը)՝ սահմանված ի հիշատակ ուխտի տապանակի, որը դիտվում է իբրև քրիստոնեական Եկեղեցու խորհրդանիշ և քրիստոնեական տաճարի նախօրինակ: Եկեղեցու տոն է համարվում նաև նավակատիքը, այսինքն՝ նորակառույց եկեղեցու բացման և օծման հանդիսավոր արարողությունը:
Ի հիշատակ Երուսաղեմի Ս. Հարության տաճարի նավակատիքի, որը կատարվեց խաչափայտի հանդիսավոր բարձրացման նախօրեին, Եկեղեցու տոն է սահմանված Խաչվերացին նախորդող շաբաթ օրը, ինչպես նաև Խաչվերացի տոնախմբական յոթնյակի երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ իբրև հիշատակություն Բեթղեհեմում, Ձիթենյաց լեռան վրա և Գեթսեմանիի ստորոտում՝ Աստվածամոր գերեզմանի վրա կառուցված ևս երեք եկեղեցիների նավակատիքների:
Խորեն Պալյան
#տերգրիգոր #սուրբգրիգորլուսավորիչ #եկեղեցի #տոն #սուրբսարգիս