Հարցեր, հարցեր
Թե Հայաստանը կամենար,
Թե կամենար հայաստանցին,
Ձեռք կմեկներ իր ամենա,
Ամենահին առեղծվածին
Ու կպարզեր.
Ինչու՞ հայոց արքաների
Շարքն ընդհատվեց օտարներով...
Ինչու՞ տարածքներ կորցրինք՝
Աթոռանիստ քաղաքներով...
Ինչու՞ շահած շատ մարտերով
Տեր չդարձանք հաղթանակի...
Ինչու՞ քաջերը քաջերից
Գնդակ ստացան կռնակից...
Ինչու՞ մեկս մեկիս հանդեպ
Բարեհաճ չեղանք երբևէ...
Ինչու՞ նեցուկ չեղանք իրար,
Երբ փորձանքն էր մեկիս նեղել...
Ինչու՞ մենք մեզ օտարեցինք
Ժողովրդի հոգս ու ցավից...
Ինչու՞ մենք մեր վարք ու բարքով
Նպաստեցինք դրսի դավին...
Ինչու՞ մանչուկը հանճարեղ
Մնաց անտեր ու անսատար...
Ինչու՞ պայծառ ուղեղներին
Խանգարեցինք հասնել կատար...
Ինչու՞ մենք հրճվեցինք թաքուն
Գործըներոջ ձախորդությամբ...
Ինչու՞ տխրեցինք ի սրտե
Հարևանի հաջողությամբ...
Ինչու՞ մեր շահը անձնական
Նախընտրեցինք երկրի շահից...
Ինչու՞ մենք չցանկացանք, որ
Երկիրն իր մեծերին պահի...
Ինչու՞ ուս ուսի չտվինք,
Որ այլևս չսասանվենք...
Ինչու՞ խելքի չենք գալիս մենք,
Որ, ի վերջո, չկործանվենք...
Հարցե՜ր, հարցե՜ր...Գալիս են ու
Հայտնվում են ամեն անգամ,
Երբ տեսնում եմ հայրենակցիս
Աչքերի փայլը չարակամ,
Երբ որ մեկը հուսահատված,
Վաղվա բախտին իր անգիտակ
Հեռանում է ՝ թողնելով ինձ
Հարցերի այս տարափի տակ։
Video maker Sona Vardanyan֊
/ @sonavardanyan7756